Encyclopedia

Խրիմյան Հայրիկ

Հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի) 1892-1907թթ. եղել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842թ. հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854թ. ձեռնադրվել է վարդապետ:

1855-1856թթ. հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856թ.-ի հունիսին վերադառնալով Վան՝ ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857թ. հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858թ. վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:

1862թ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ. Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863-1865թթ. հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ:
 
Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 1868թ.-ին Սբ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869թ.-ին՝ ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք:
 
Որպես պատրիարք Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860թ.-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: 
 
Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872թ.-ին ներկայացրել է Բարձր դռանը:
 
Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873թ.-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:
 
Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին  և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար:
 
Սակայն հիասթափվելով վեհաժողովի արդյունքներից՝ փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել: 1879թ.-ին Խրիմյան Հայրիկն ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն է ծավալել նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը:
 
Խրիմյանի անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885թ.-ին Բարձր դուռը նրան կանչել է Կոստանդնուպոլիս: Չնայած խիստ հսկողությանը՝ այդտեղ նույնպես ծավալել է հասարակական գործունեություն: Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ թուրքական կառավարությանն է ներկայացրել 2 տեղեկագիր-բողոքագիր՝ հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակի մասին: 1890թ.-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 
 
1892թ.-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893թ.-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
 
1895թ.-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894-1896թթ.-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը՝ նյութապես օգնելու գաղթականներին, պայմաններ ստեղծելու հայրենի երկիր վերադառնալու համար:
 
Եռանդուն պայքար է մղել  հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի  դեմ, հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան: Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ. Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան:
 
Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում`   Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000թ.) արժեքավոր աշխատությունը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.